понедельник, 11 мая 2015 г.

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013

Այս պատմությունը պատմեց իմ բարեկամներից մեկը, ով ականատես է եղել այս միջադեպին, հենց այդ պատմությունն էլ պատճառ դարձավ ներկայացնելու այս պատմությունը։ Դեպքերը և դեմքերը հնարված չեն, պատմության հերոսների անունները փոփոխված չեն։


Գեհենի Առաքել


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013

2013 թվական Երևան նախագահական ընտրություններ:
Մարտիկ Սարգսյանը նախագահական ընտրարշավին մասնակցելու համար Ասպարեզ ակումբում հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրարշավին մասնակցելու իր մտադրությունը։ Մարտիկ Սարգսյանը մանկավարժ է, ազատամարտիկ, նրա կարծիքով միայն գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանն է իրեն հակակշիռ ուժը։ Մինչ այսօր ոչ մի քաղաքական կուսակցություն կամ խմբակցություն չի հայտնել նախագահական ընտրարշավին մասնակցելու իրենց ծրագրերի մասին։ Նախագահը մի կողմ նետեց թերթը.
— Արա վափշե ո՞վ է էս, — բարկացավ նա և սեղմեց բարձրախոսի կոճակը:
— Լսում եմ, պարոն նախագահ, — ասաց քարտուղարուհին:
— Միացրու Շարմազանովի հետ:
Քիչ հետո լսվեց Շարմազանովի ձայնը:
— Լսում եմ, պարոն նախագահ:
— Շարմազանո՛վ, դու կարդացե՞լ ես այսօրվա նորությունները, — հարցրեց նախագահը:
— Ո՞ր մեկը, պարոն նախագահ, — խառնվեց նա:
— Էն, որ նախագահի թազա թեկնածու է ի հայտ եկել, առանց մեզ հարցնելու:
— Հա, դա տեղյակ եմ, պարոն նախագահ:
— Բա հետո՞...
— Պարոն նախագահ, ես արդեն հանձնարարական եմ տվել, էսօր-էգուց դրա հարցերը կլուծեն, ինչքանով տեղյակ եմ` այդ նոր թեկնածուն ինքնասպան է ուզում լինել, — կատակեց նա:
— Իյա՜ իրո՞ք:
— Հա պարոն նախագահ, մինչև ընտրարշավի սկիզբը չի ձգի, դա հաստատ է:
— Շարմազանով դա լավ է, — ուրախացավ նախագահը, — բայց տես մաքուր արեք, որ ոչ մեկ չիմանա:
— Մի՛ անհանգստացեք, պարոն նախագահ, հո առաջին անգամը չի՞:
— Դե լավ է, որ գիտես քո անելիքը, ապրե՛ս Շարմազանով:
— Շնորհակալ եմ պարոն նախագահ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
— Լսի՛ Շարմազանով, ասում ես էդ Մարտիկ Սարգսյանը ինչացու՞ է: — Պարոն նախագահ, Մարտիկ Սարգսյանը « Ազդարար » ամսագրի վերահրատարակիչն է, հետո էլ ազատամարտիկ է եղել, Մանվելի 5- րդ բրիգադի` Վեդու գումարտակի շտաբի պետն է եղել։
— Իյա՜, իրո՞ք:
— Հա՛ , պարոն նախագահ,
— Ուրեմն ավելի լավ, — ուրախացավ նախագահը, — Շարմազանով, էն ինքնասպանության օպերացիան թողնում ես, ես Մանվելին կասեմ, թող ինքը դրանով զբաղվի, իրա երկրապահի տղերքից է, ինքն էլ թող ոնց ուզում է լուծի:
— Ինչպես ասեք պարոն նախագահ, — համաձայնվեց Շարմազանովը:
— Լավ Շարմազանով, դու քո գործին կաց, պետք լինի կասեմ ինչ անես, — ասաց նախագահը, և անջատեց կապը, նորից սեղմեց բարձրախոսի կոճակը:
— Լսում եմ պարոն նախագահ, — լսվեց քարտուղարուհու ձայնը:
— Հլա միացրու Երկրապահ միություն՝ Մանվելին:
— Ալյո՜, — բարձրախոսում լսվեց Մանվելի մռնչյունը, — ինչա՞ էղե:
— Մանվել, էս տեղը չե՞ս բերում, — բարկացավ նախագահը:
— Վա՜յ, պարոն նախագահ ջան, էդ Դու՞ք եք, — անմիջապես հանդարտվեց նա:
— Հա ես եմ, արա՛ չե՞ս ջոկում, որ կառավարական գծով եմ զանգում:
— Պարոն նախագահ, ինչ գիդամ, զանգ էր էկավ, ես էլ վերցրեցի:
— Այ տղա չե՞ս տեսնում, որ կարմիր հեռախոսն է զանգում, — բարկացավ նախագահը:
— Տո ես ինչ գիդամ պարոն նախագահ ջան, բա չես գիդում, որ ես գույները իրարից չեմ ջոկում, իմ համար սաղ գույներն էլ մի գույնի են:
— Իյա՜, իրո՞ք, — զարմացավ նախագահը: — Մանվել, ուզում ես ասել դալտոնիկ ես՞:
— Դե ոնց ասես, պարոն նախագահ, չագուջն էլ է Ձեր ձեռը, նալն էլ:
— Մանվել, գոնե գիտե՞ս, թե դալտոնիկը ինչ է, — հարցրեց նախագահը:
— Ես ի՞նչ գիդամ պարոն նախագահ, որ ասում եք երևի էդպես էլ կա:
— Ա՛յ տղա դալտոնիկն էլ չգիտե՞ս, թե ինչ է նշանակում:
— Տո ի՞նչ գիդամ, — միամիտ ասաց նա:
— Մանվել, դալտոնիկը այն է, որ մարդը գույները չի տեսնում, ամեն ինչ նրա աչքին սև-սպիտակ է երևում` շների նման:
— Խա՜, մկա խասկցա, — ուրախ ասաց նա, — սև-սպիտակ եմ տեսնում:
— Ա՛յ տղա քեզ գեներալ տվողի հերն եմ անիծել, բա ո՞նց ես քարտեզի վրայի նշումները տեսնում:
— Է՜հ, պարոն նախագահ, ընչի դու չգիտե՞ս, թե ով է գեներալ տվել:
— Լա՜վ, գիտեմ կարիք չկա հիշեցնես, նա ինքն էլ չգիտեր էլ ուր մնաց իրա սանիկը, — կատակեց նախագահը:
— Լսի՛, Մանվել, այսօր իմացա, որ քո բրիգադում Մարտիկ Սարգսյան անունով մարդ կա:
— Ես ի՞նչ գիդամ, պարոն նախագահ ջան:
— Ա՛յ տղա, ինչ հարցրեցի ասացիր ես ինչ գիդամ, դու գոնե մի բան գիտե՞ս՞․․․
— Դե ոնց ասեք, պարոն նախագահ:
— Լավ, անօգուտ է քեզ բացատրել, — հոգնեց նախագահը, — լսի Շարմազանովը ասաց, որ Մարտիկ Սարգսյանը ձեր բրիգադի՝ Վեդու գումարտակի շտաբի պետն է եղել:
— Հա էղեր է, իրան « Դեպոն » են ասում:
— Ես չգիտեմ, դա դեպոն է, թե պառավոզը, — կատակեց նախագահը:
— Պարոն նախագահ, նա մի ժամանակ դեպուտատ է եղե, դե տղերքը իրան Դեպո են ասե, — բացատրեց նա:
— Մանվել, բա էդ Դեպոն, ինչացու՞ է, — հարցրեց նախագահը:
— Դե մարդ է էլի, ընչի բան ա էղե՞, — հարցրեց գեներալը:
— Հա՛ եղել ա, — դժգոհեց նախագահը, — Մանվել, երեկ էդ քո Դեպոն հայտարարել է, որ ուզում է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին։
— Վայ, ես դրա հերն եմ անիծել, — բարկացավ գեներալը, — պարոն նախագահ, ուզում եք Շմայսին ասեմ դրան խփի, կամ էլ ոտերը ջարդեն։
— Մանվել, հա լավ կլիներ, — ուրախացավ նախագահը, — բայց այ տղա, հիմա խփել-մփելը չի անցնում, չեմ ուզում, որ էս ընտրությունները հարամեն, քաղաքակիրթ ձևով պիտի արվի:
— Պարոն նախագահ, մի մտածեք քաղաքակիրթ ձևով կգյուլլենք, ես լիքը գրագետ տղերք ունեմ:
— Չէ Մանվել, էդպես չէ, էսի հո Վազգենի ժամանակը չի՞, որ սպանեք ու խոշտանգեք, հիմա ամեն ինչ արվում է ուրիշ ձևով՝ քաղաքավարի ու օրենքով։
— էդ ո՞նց, օրենքո՞վ, — զարմացավ գեներալը:
— Այ տղա, հիմա ոստիկանություն կա, կամ էլ հարկային, մի հատ քրեական գործ սարքեք գլխին, կոխեք թող գնա նստի` բռնաբարությունից սկսած, վերջացրած խարդախություն ու կավատությունը։ Այնպես որ, դատարաններով ու օրենքով արեք ինչ պետք է:
— Յա՜, — զարմացավ գեներալը, — բա էդ Կավատությունը ի՞նչ ա որ:
— Լսի՛ Մանվել, ես ժամանակ չունեմ քեզ հայերեն բառարանը սովորացնեմ, մի խոսքով տես ինչ ես անում:
— Էլավ պարոն նախագահ, հեսա տեսնեմ ինչ եմ անում, կզանգեմ կզեկուցեմ։ Նախագահը անջատեց և նորից միացավ Շարմազանովին: — Լսում եմ, պարոն նախագահ, — բարձրախոսում լսվեց Շարմազանովի ձայնը:
— Շարմազանով, հլա տես, էս նախագահական ընտրություններում ու՞մ ենք նշանակելու ինձ, որպես մրցակից:
— Պարոն նախագահ, դե Հրանտ Բագրատյանն է, դուք էիք ասել, որ մի 30 հազար դոլլարով գրանցենք:
— Հա դա հիշում եմ, բացի Բագրատյանից էլ ո՞վ կա:
— Դե մենք առաջարկել ենք Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին ու Փաշինյանին հետո էլ Վազգենի եղբորը՝ Արամ Սարգսյանին, էդքանից մենակ Հրանտ Բագրատյանը համաձայնվեց, մի քիչ սակարկեց, բայց 35 հազարով համաձայնվեց։
— Բա դա լավ է, — ուրախացավ նախագահը, — Շարմազանով, ոնց գցում, բռնում եմ թեկնածուները քիչ են, մի քանի հոգի էլ գտի, գայթակղի ասա որ հետո պաշտոն կտանք, թե չէ եվրոպացիք կարող են մեղադրել, որ ընդդիմություն չունենք:
— Պարոն նախագահ, Պարույր Հայրիկյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս կան, այնպես որ մի քանի թեկնածու էլ կավելացնենք ու վերջ:
— Լավ, ապրես Շարմզանով, լսի՛ էն Մարտիկ Սարգսյանի համար ես Մանվելին ասել եմ, ինքը նրանով կզբաղվի, մենակ դու Մանվելի հետ կապի մեջ եղիր, թե չէ կվերցնի ու էդ հարիֆին կգյուլլի, ունքի փոխարեն` աչքը կհանի, դու գիտես, որ մեզ հիմա ավելորդություններ պետք չեն:
— Եղավ, պարոն նախագահ:
— Լսի՛, դրան ընտրարշավի կեսից կհանեք ու կուղարկեք Սովետաշենի հյուրանոցը, հլա տես ինչով կարաս դրանց օգնես, թե չէ Մանվելն էլ ու իրա հաստագլուխ տղեն ոչնչի ընդունակ չեն։
— Շատ լավ, պարոն նախագահ, ամեն ինչ կանենք բարձր մակարդակով, — խոստացավ նա, — պարոն նախագահ, մոռացա Ձեզ ասել, որ էն Ձեր ասած էպոսագետին նույնպես գրանցել ենք, փողից էր դժգոհում, բայց համոզեցինք, ինչպես որ պետքն էր:
— Ապրե՛ս, Շարմազանով:
— Պարոն նախագահ, Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին էլ ուզեցինք գրանցել, նրանք հրաժարվեցին, Լևոնը վերջին պահին զադնի գցեց:
— Ոչինչ, Շարմազանով, դրանք եղած-չեղած մի հաշիվ է, ոնց գցում-բռնում եմ դրանց ժամանակը եկել է։
— Հա, ես էլ եմ դա ասում:
— Շարմազանով, կանգնի էս ընտրությունները բարով-խերով ավարտենք, ես դրանց հետ առանձին-առանձին եմ խոսալու, հիմա կարևորը, որ ընտրական քարոզարշավը լավ ընթանա:
— Պարոն նախագահ, մի անհանգստացեք, մենք Նազենի Հովհաննիսյանին ենք ընդգրկել կազմակերպչական խմբում, ինքը հիմա դրա վրա է, երեկ զանգահարեցի, որպեսզի իմանամ, թե գործերը ինչպես է, նա ասաց, որ Ձեր համար անակնկալ ունի, այնպես որ հաստատ հարյուրից՝ ինսուն կխփենք:
— Դա լավ է Շարմազանով, ապրես, — ուրախացավ նախագահը:
— Պարոն նախագահ, Նազենին ասաց, որ Աստվածաշունչն է կարդում, ու Ձեզ համեմատելու է Մովսեսի հետ, այնպես որ մեր հայ ժողովրդի միակ առաքյալն ու փրկիչը Դուք եք:
— Դա լավ է, կեցցեք:
— Շամշյանին էլ զգուշացրել եմ, որ հիմա օլիգարխների մասին շատ խոսա, որպեսզի ժողովրդին ասենք, որ պայքարում ենք նրանց դեմ, սա կգայթակղի մեր ընտրողներին ու ժողովրդին։
— Ապրես Շարմազանով, դա լավ է, տեսեք, թե ինչ եք անում, ես հույսս դնում եմ քո վրա։
— Մի անհանգստացե՛ք, ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով, այնպես որ ժողովրդի միակ հույսը Դուք եք պարոն նախագահ։
— Լավ դե, դու քո գործը գիտես, մենակ տես, չմոռանաս որ Մանվելին տեղյակ պահես, որ էդ Մարտիկ Սարգսյանին ձեռք չտա, նա դեռ մեզ պետք է, ընտրություններից հետո կանեք, ինչ անելու եք։
— Եղավ, պարոն նախագահ:
Նախագահը անջատեց կապը և փռվեց բազմոցին։
— Ուֆ հոգնեցի: Վույ աման, վույ աման, վույ աման,
Թագավոր լինելուց լավ բան,
Կեր, խմի քեֆ արա,
Աշխարհը խալի է ոտքիդ տակ։


Գեհենի Առաքել 21/05/2015

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Մարտիկ Սարգսյանը 1 տարի 7 ամիս Նուբարաշենի մեկուսարանում է




Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը Aravot.am-ին հայտնեց, որ գտնվում է մեկուսարանի հոգեբուժական բաժանմունքում, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 6-ին կշարունակվի նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «ուրիշի գույքը մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մարզի բնակչուհի Հերմինե Թովմասյանի հետ, 2013թ. հուլիսի 12-18-ը, իր ծանոթների եւ ազգականների վստահությունը չարաշահելով, 20-30 հազար դրամի օգնություն տրամադրելու խոստումներով նրանց հրավիրել է «Արման Տոնոյան» անհատ ձեռներեցի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահ»:
Ըստ մեղադրանքի կողմի՝ նրանց էր տրամադրել մինչեւ 250 հազար դրամ գումարի չափով սպառողական վարկ, այն փոխանցել խանութի հաշվեհամարին: Ըստ էության կատարվել էին նոթբուքերի, պլանշետների, համակարգիչների ապառիկ գործարքներ:
Մարտիկ Սարգսյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ բազմաթիվ դիմումներ, խնդրագրեր է ուղարկել արդարադատության տարբեր ատյաններ: «Մենք՝ լքված ու արհամարհված «Ազդարար» հանդեսի վերջին մոհիկաններս, դիմում ենք ձեզ՝ սիրելի լրագրողներ, զորավիգ լինել հնարավոր բոլոր միջոցներով հայ մամուլի լեգենդ «Ազդարար» հանդեսին եւ նրա վերահիմնադիր Մարտիկ Սարգսյանին», տարբեր լրատվամիջոցների դիմելով՝ ստորագրել էին տնօրեն Աննա Էլոյանը, մենեջեր Ա. Շամամյանը, խմբագիր Խ. Մարգարյանը: Նրանք խնդրել էին իրենց պաշտպանական ուղերձը տպագրել վեբկայքերում, լրատվամիջոցներում: «Արդյոք պե՞տք է թույլ տանք, որ պատմաբան, ազատամարտի մահապարտ, վիրավոր հաշմանդամ եւ համեստ լրագրող Մարտիկ Սարգսյանը կործանվի ճաղավանդակների ետեւում»,- ահազանգում են ազդարարցիները:
Ի դեպ, մայիսի 6-ին նշանակված դատական նիստում Մարտիկ Սարգսյանի հետ դատարանում կլինի նաեւ Հերմինե Թովմասյանը, որը մեղադրվում է սոցիալական օգնության գումարը յուրացնելու, 7.725.000 դրամ արժողությամբ նոթբուքեր, պլանշետներ, համակարգիչներ հափշտակելու եւ վերավաճառելու համար: