Երբ խոսում են հայ սպայի արժանապատվության մասին, ակամայից հիշեցի տարիներ առաջ իմ գրառումներից մեկը։ Չնայած, որ ինքս ռազմական բժիշկ եմ և սպա, այնուամենայնիվ արժանապատվությունս ստիպում է ասել, որ հայ սպաների մի հսկա բանակ անթասիբ է ու արժանապատվությունից զուրկ։ Փաստերը բազմաթիվ են ու դժվար կլինի թվարկել բոլորը, սակայն կառանձնացնեմ մի քանիսը։ Երբ 2012թ « Հարսնաքար » ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին սպանեցին, այն էլ խոշտանգելով, հայ սպաները լռեցին, միայն մի քանիսը խոնարհեցին իրենց գլուխները, ի հիշատակ սպայի։ Հետո այդ անթասիբ սպաներից շատերը լռեցին, երբ 2013 -ին փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին, որը հենց այդ սպաների իրավունքների համար էր ելել պայքարի։ Հետո պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի ձերբակալությունը, Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս սպաների ձերբակալությունները անցան այդ սպաների անտարբերության ներքո։ Այդ նույն սպաները լռեցին, երբ Ազգադավների բանակը 2016 թվականին 800 հեկտար « անպետք » տարածքը հանձնում էր թուրքերին։ Այդ նույն սպաները լռեցին, երբ 2015 թվականին Ազգային հերոս գեներալ Անդրանիկ Օզանյանի հիշատակն էին ծաղրում ու անպատվում, այն էլ փնթի կռազի շոֆեռի կողմից։ Ո՛չ մի սպա ձայն չհանեց ու չասեց այս ի՞նչ եք անում, ա՛յ բարբարոսներ, ինչպե՞ս եք Ազգային հերոսին դասալիք մոլագարի անունով մեդալ շնորհում։ Անգամ այդ արժանապատվություն չունեցող սպաները չիմացան էլ , թե ինչպես 1992 թ-ի մարտի 30-ին, կրկնակի անգամ պղծեցին Ազգային հերոս Գարեգին Նժդեհի հիշատակը, երբ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացման որոշում կայացվեց։ Կարծես թե Գարեգին Նժդեհը գերեզմանում այդ հանցագործների որոշմանն էր սպասու՞մ։ Հայ սպաները ամեն օր պղծում են ո՛չ միայն իրենց ուսադիրներն ու արժանապատվությունը, այլև որդեկորույս մայրերի տառապանքն ու ցավը։ Ամեն մի սպանված զինվորի հետ գերեզման է մտնում իրենց արժանապատվությունը ու սպայի պատիվը։ Երբ հայ սպան կհասկանա, որ իր կողքին նույն ուսադիրներ կրողը հանցագործ է, և նրա տեղը բանակի շարքերը չէ, պետք է հպարտություն ունեն ո՛չ միայն ասելու, այլև բարձրաձայնելու։ Հանցագործը իրավունք չունի ուսադիր կրել, ու սպայի արժանապատվության հետ խաղալ։ Մինչդեռ ԱԱԾ ում ու ոստիկանության համակարգում այդպես կոչված քրեականամետ սպաների պակաս չունենք, նույնիսկ ավելին՝ ավելցուկ ունենք։ Որոնք թաղված են պետական դավաճանության մեջ, այդ ուսադիր կրողներից շատերը գեներալ են, սկսած ԱԱԾ ի վերջացրած ՊՆ ի ու Դատախազության, ԴԱՀԿ ծառայություն բարձրաստիճան սպաներից։ Մի խոսքով, սպաների արժանապատվությունը հիմա իրենց ձեռքին է, կամ ոտքերի տակ, եթե հասկանան և կարողանան այն բարձր հպարտությամբ կրել, կամ էլ պետք է թողնեն գետնին՝ ոտնակոխ ուրիշների ոտքերի տակ։
Ռազմական բժիշկ՝ ավագ լեյտենանտ
Գ․ Ա